
Եկել եմ
Կարոտել եմ... Մի զարմացիր, հա՛, այդ ես եմ։ Եկել եմ, տե՛ս... Հպարտությանը պատը ճեղքել, Եկել եմ ես։ Դու հաղթեցիր, դու հաղթեցիր Ու կարոտդ ինձ վերջապես ծնկի բերեց։ Պայքարեցի երկար, երկար, Բայց կարոտդ հոգումս երբեք էլ չմարեց։ Սիրու՞մ եմ քեզ... Հարց եմ տալիս նոր ու նորից, Ես չգիտեմ ինչն է այդպես Դեպ քեզ ձգում կարոտ հոգիս։ Սիրու՞մ եմ քեզ... Ախր ես ինձ արգելել եմ մեկին սիրել, Արգելել եմ քնքուշ սիրուն հոգիս մտնել։ Ես փակել եմ հոգուս դռներն ամուր֊ամուր, Այդ ե՞րբ մտար հոգուս դռնից, Մտար, այն էլ ոչ իբրև հյուր։ Մտար վստա՛հ, տանտիրոջ պես, Հոգիս ամբողջ արիր քեզնով։ Մոլորվել եմ ու չգիտեմ, Թե առանց քեզ ես ո՞վ եմ, ո՞վ։ Կիսատ եմ ես ու լցվելու համար Հոգիս քե՛զ է տենչում, Գիշեր֊ցերեկ, քուն թե արթուն քեզ է կանչում։ Էնպես որ ... հա՛, եկել եմ, տե՛ս, Մի՛ զարմացիր, Գիտե՛մ, դու՛ էլ կարոտել ես, Դ՛եհ, ինձ ամուր֊ամուր գրկիր։ Սիլվա Գուլանյան

